Ինչպես Նիկողա Ֆլամելի անվանը կցվեց փիլիսոփայական քարի առասպելը
· Մշակույթ

Փարիզի Կլյունի թանգարանում առաջին անգամ ցուցադրվում է Նիկողա Ֆլամելի կտակը, որն օգնել է նոր լույս սփռել նրա շուրջ ձեւավորված ալքիմիկոսի լեգենդի վրա։ Ֆլամելը իրական պատմական անձ է եղել, սակայն դարեր շարունակ նրան վերագրել են փիլիսոփայական քարի որոնումն ու ոսկի ստանալու կարողությունը։ Նոր հետազոտությունը ցույց է տալիս, թե ինչպես է այս առասպելը ձևավորվել և ինչու է ալքիմիան մինչ այսօր մնում գիտության պատմության հետաքրքիր էջերից մեկը։
Կտակ, որ փոխում է լեգենդի ընկալումը
Փարիզի Կլյունի թանգարանում այս աշնանը առաջին անգամ հանրությանն է ներկայացվում Նիկողա Ֆլամելի կտակը։ Դարեր շարունակ այն պահպանվել է քաղաքի հոսպիտալային արխիվում և միայն 2024 թվականին է թանգարանի մասնագետների կողմից մանրամասն ուսումնասիրվել։ Ցուցադրությունը նոր դիտանկյուն է բացում միջնադարյան Փարիզի այդ կերպարի շուրջ ձևավորված առասպելի վրա։
Թանգարանի համադրող Մայելիս Բիտուզեի խոսքով՝ սա այնպիսի փաստաթուղթ է, որը մինչ այժմ երբեք չի ուսումնասիրվել գիտականորեն։ Նրա գնահատմամբ՝ հենց նման արխիվային նյութերն են թույլ տալիս հասկանալ, թե ինչպես է իրական մարդը հետագայում վերածվել խորհրդանշական կերպարի։
Իրական մարդը՝ առասպելական համբավով
Նիկողա Ֆլամելը պատմական անձ էր․ նա ծնվել է 1330-ականներին և մահացել 1418 թվականին։ Սակայն պատմական աղբյուրները վկայում են, որ նա կապ չի ունեցել ալքիմիայի հետ՝ հին ու խորհրդավոր այդ ավանդույթի, որի նպատակն էր մետաղները ոսկու վերածել, հիվանդությունները բուժել և անմահություն գտնել։
Այդուհանդերձ, Ֆլամելի անունը դարերով կապվել է փիլիսոփայական քարի որոնումների հետ։ Նրա շուրջ հյուսված լեգենդը ներշնչել է բազմաթիվ մտածողների և գրողների՝ Իսահակ Նյուտոնից մինչև Վիկտոր Հյուգո, իսկ ժամանակակից մշակույթում այն հիշատակվում է նաև Ջ. Ք. Ռոուլինգի ստեղծագործություններում։
Ինչու էր ալքիմիան այդքան ներգրավում մարդկանց
Հետազոտողները հիշեցնում են, որ ալքիմիական առաջին գրավոր աղբյուրները հայտնվել են շուրջ երկու հազար տարի առաջ՝ Հին Եգիպտոսում։ Հետագա դարերում, թարգմանությունների և ձեռագիր պատճենների միջոցով, այդ ուսմունքը տարածվել է Եվրոպայում՝ հատկապես 12-րդ դարից սկսած։
Բոլոնիայի համալսարանի քիմիայի պրոֆեսոր Լուչիա Մայնին, որը մասնակցել է նախագծին, նշում է, որ ալքիմիկոսները փորձել են բնությունը հասկանալ դիտարկման միջոցով։ Նրա խոսքով՝ որոշ փորձերում, օրինակ՝ ձվի բաղադրիչներով, հնարավոր էր ստանալ արծաթին ոսկեգույն փայլ տվող արդյունք, ինչը կարող էր սնուցել ոսկի ստանալու գաղափարը։ Այդ պատճառով ալքիմիան այսօր էլ դիտվում է որպես ժամանակակից քիմիայի նախակարապետներից մեկը։