«Իմ կարմիր, կանաչ տունը». մի պատմություն տան, սիրո և այն արժեքների մասին, որոնք ժամանակը չի կարող խլել

«Իմ կարմիր, կանաչ տունը» տրագիկոմեդիան պատմում է ընտանիքի, սիրո, զոհաբերության և հայրենի տան արժեքի մասին։ Բյուրականի HandArt թատրոնի բեմադրությունը դրամատիզմն ու հումորը համադրում է՝ հանդիսատեսին ներկայացնելով հուզիչ ու մարդկային պատմություն։
Հայաստանի գեղատեսիլ գյուղերից մեկում, որտեղ առավոտները բացվում են լեռների խաղաղության ներքո, ապրում են Արամյանց ամուսինները՝ արվեստագետներ, որոնց տունը վաղուց դարձել է ոչ միայն բնակավայր, այլև նրանց ստեղծագործ ոգու, սիրո ու հիշողությունների արտացոլանքը։ Կարմիր ու կանաչ երանգներով առանձնացող այդ տունը շրջապատված է խնամքով աճեցված ծաղիկներով, պատերը զարդարված են կտավներով, բակը՝ կոկիկ ու ընդարձակ, իսկ տան անբաժան պահապանը Արջուկ անունով շունն է։
Սակայն այս խաղաղության ներքո թաքնված է ծանր փորձություն։ Տարիներ շարունակ իրենց երեխաների կրթության, նրանց ապագայի ու անգամ անծանոթ մարդկանց օգնելու համար սեփական կարիքները մի կողմ դրած ամուսինները կանգնում են կյանքի ամենացավոտ ընտրության առջև՝ վտանգելով կորցնել այն տունը, որը կառուցել են սիրով, համբերությամբ և միասին ապրած տարիների հիշողություններով։
Այդ փորձությունը բացում է վաղուց լռության մեջ մնացած խոսակցությունները։ Բախվում են հայրերի և որդիների աշխարհընկալումները, հնչում են տարիներով չարտահայտված զգացմունքները, վեր են հառնում ծնողների հայրենասիրական համոզմունքները, երիտասարդների ազատ ապրելու ձգտումը, բայց ամեն ինչից վեր մնում է ընտանիքի անդամներին միմյանց կապող անքակտելի սերը։
Այս զգացմունքային պատմությունն է հանդիսատեսին ներկայացնում Բյուրականի ՀանդArt թատրոնի «Իմ կարմիր, կանաչ տունը» տրագիկոմեդիան, որտեղ դրամատիզմն ու հումորը միահյուսվում են՝ ստեղծելով անկեղծ, մարդկային ու խորապես հուզիչ պատմություն։
Գլխավոր դերերում հանդես են գալիս ՀՀ վաստակավոր արտիստներ Ջուլիետա Ստեփանյանն ու Սամվել Բաղինյանը, որոնք ոչ միայն բեմում, այլև իրական կյանքում են ամուսիններ։ Նրանց դերակատարումը պատմությանը հաղորդում է առանձնահատուկ անկեղծություն ու բնականություն՝ ստիպելով հանդիսատեսին հերոսների հետ միասին վերապրել ցավը, հուսահատությունը, հույսի վերադարձն ու երջանկության կարճ, բայց լուսավոր պահերը։
Ներկայացման դերասանական կազմում ընդգրկված են նաև Իշխան Ղարիբյանը, Արուս Գրիգորյանը, Անի Պետրոսյանն ու Տիգրան Գյուլումյանը։ Բեմադրիչն Արթուր Սարիբեկյանն է, իսկ սցենարի հեղինակն ու պրոդյուսերը՝ Տիգրան Գյուլումյանը։
«Իմ կարմիր, կանաչ տունը» միայն ընտանիքի պատմություն չէ։ Այն հիշեցում է, որ տունը պատերից ու տանիքից ավելին է․ այն մարդկանց մասին է, որոնք պատրաստ են ամեն ինչ զոհաբերել միմյանց համար, և այն արժեքների, որոնք նույնիսկ ամենածանր փորձությունների ժամանակ շարունակում են մնալ անսասան։