Չորս նշան, որ շունը իսկապես վստահում է ձեզ

Շները իրենց զգացմունքները հաճախ չեն արտահայտում ձայնով, այլ՝ վարքով և մարմնի լեզվով։ Մասնագետների խոսքով՝ մի քանի պարզ նշան կարող է ցույց տալ, որ կենդանին իրեն ապահով է զգում տիրոջ կողքին։ Այդ վստահությունը, սակայն, հեշտությամբ կարող է խաթարվել անուշադրության, բռնության կամ լքման պատճառով։
Շները վաղուց համարվում են մարդու ամենահավատարիմ ուղեկիցներից, սակայն նրանց վստահությունը հասկանալը միշտ չէ, որ պարզ է։ Քանի որ կենդանիները չեն կարող բառերով բացատրել իրենց զգացածը, տիրոջը մնում է հետևել վարքագծին, շարժումներին և առօրյա սովորություններին։ Մասնագետների դիտարկմամբ՝ որոշ նշաններ հստակ ցույց են տալիս, որ շունը ոչ միայն կապված է մարդու հետ, այլև իրեն նրա մոտ ապահով է զգում։
Հետևելը՝ որպես կապվածության նշան
Եթե շունը մշտապես հետևում է ձեզ տան մեջ կամ փորձում է միշտ մնալ ձեր կողքին, դա սովորաբար վկայում է վստահության և մտերմության մասին։ ԱՄՆ Իլինոյս նահանգի Dwight Veterinary Clinic-ի մասնագետների խոսքով՝ նման վարքագիծը արտահայտում է ոչ միայն հետաքրքրություն, այլև նվիրվածություն։ Ֆլորիդայի Veterinary Healthcare Associates-ը նույնպես նշում է, որ որոշ շներ պարզապես ուզում են անընդհատ գտնվել իրենց տիրոջ մոտ։
Միևնույն ժամանակ, մասնագետները զգուշացնում են, որ վարքի հանկարծակի փոփոխությունը կարող է այլ պատճառ էլ ունենալ։ Ամերիկյան Kennel Club-ի գլխավոր անասնաբույժ Ջերի Քլայնի խոսքով՝ եթե շունը կտրուկ դառնա չափազանց կպչուն, դա երբեմն կարող է մատնանշել նաև առողջական խնդիր։ Այդ դեպքում անասնաբույժի զննումը ցանկալի է։
Հանգիստ որովայնը և բաց մարմնի լեզուն
Շան որովայնը նրա ամենախոցելի հատվածներից է, և երբ կենդանին հանգիստ պառկում է մեջքի վրա կամ թույլ է տալիս շոյել փորը, դա սովորաբար վստահության նշան է։ Այդ պահը ցույց է տալիս, որ շունը չի սպասում վտանգի և իրեն չի պաշտպանում լարվածությամբ։ Նման վարքագիծը հատկապես նկատելի է այն շների մոտ, որոնք տիրոջ ներկայությամբ լիովին հանգստանում են։
Մարմնի ազատ, չկաշկանդված դիրքը, փափուկ հայացքը և պոչի հանգիստ շարժումը նույնպես խոսում են հարմարավետության մասին։ Այդ նշանները միասին օգնում են հասկանալ, որ շունը մարդու կողքին իրեն անվտանգ է զգում։
Խաղալիքը բերելն՝ որպես վստահության արտահայտություն
Շների համար սիրելի խաղալիքը հաճախ ոչ միայն զվարճանքի առարկա է, այլև սոցիալական կապ հաստատելու միջոց։ ՊետՄԴ-ի համար 2025 թվականին հրապարակված նյութում Սան Ֆրանցիսկոյի անասնաբույժ Ջեյմի Սունգը նշել է, որ որոշ շներ իրենց սիրելի խաղալիքը տալիս կամ բերում են տիրոջը՝ ցույց տալու համար, որ ցանկանում են շփվել և կիսել իրենց համար կարևոր բաները։
Եթե կենդանին նույնիսկ պահում է որևէ խաղալիք իր համար հատուկ, բայց այնուամենայնիվ այն բերում է ձեզ, դա կարող է նշանակել, որ ձեր ներկայությամբ նա իրեն պաշտպանված է զգում։ Մասնագետների համոզմամբ՝ նման փոքր գործողությունները հաճախ ավելի խոսուն են, քան արտաքին ցուցադրական սիրալիրությունը։ Դրանք վկայում են, որ վստահությունը ձևավորվել է ժամանակի ընթացքում և պահպանման կարիք ունի՝ հոգատարությամբ, հետևողականությամբ և հարգանքով։
Աղբյուր՝ The Independent