Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացման դեպքեր
· Շողեր · Հասարակություն

ՀՀ քննչական կոմիտեն բացահայտել է հանցավոր կազմակերպություն, որը 2020 թվականից զբաղվել է խոշոր չափերով թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ և մաքսանենգությամբ: Խմբի անդամներից Գ.Ա.-ն, ում նկատմամբ հայտարարված էր հետախուզում, ձերբակալվել է Ռուսաստանում, տեղափոխվել Հայաստան և կալանավորվել: Գործն ուղարկվել է հսկող դատախազին:
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված մեծածավալ քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ իրացնելու դեպքեր:
Ըստ Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության, Գ.Ա.-ն և հանցավոր կազմակերպության այլ անդամներ 2020 թվականից զբաղվել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ, միմյանց միջև կատարել հստակ դերաբաշխումներ, պլանավորել յուրաքանչյուրի հանցավոր գործողությունները:
Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հանցավոր կազմակերպության մասնակիցները զբաղվել են իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով տարատեսակ թմրամիջոցների մաքսանենգությամբ, որոնց մի մասը ՀՀ տարածքով տարանցիկ տեղափոխել են արտերկիր, իսկ ՀՀ-ում իրացման համար նախատեսված թմրամիջոցներն իրացրել են ինչպես առձեռն, այնպես էլ համացանցի միջոցով` տեղադրել թաքստոցներում և թմրամիջոցների դիմաց վճարային տարբեր եղանակներով գումարները ստանալուց հետո դրանց գտնվելու վայրի կոորդինատները փոխանցել գնորդներին:
Գ.Ա.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (թմրամիջոցների ապօրինի իրացնելը) և 319-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպությանը մասնակցելը):
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել հետախուզում:
Գ.Ա.-ն հայտնաբերվել և ձերբակալվել է ՌԴ իրավապահ մարմինների կողմից, տեղափոխվել ՀՀ և ներկայացվել նախաքննական մարմին:
Գ.Ա.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգո դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։