Մեկ հպումով դեպի սթրե՞ս. սմարթֆոնների ազդեցությունը հոգեկան առողջության վրա

· Շողեր · Հասարակություն

Մեկ հպումով դեպի սթրե՞ս. սմարթֆոնների ազդեցությունը հոգեկան առողջության վրա

Սմարթֆոնները դարձել են ժամանակակից կյանքի անբաժան մասը, սակայն դրանց չափից ավելի օգտագործումը կարող է բացասաբար անդրադառնալ հոգեկան և ֆիզիկական առողջության վրա։ Նյութում ներկայացված են երիտասարդների և ծնողների կարծիքները, ինչպես նաև հոգեբանի մեկնաբանությունները թվային կախվածության և դրա հետևանքների վերաբերյալ։

Առավոտյան արթնանալուց մինչև քնելը սմարթֆոնը շատերի ձեռքում է։ Այն դարձել է ժամանակակից կյանքի անբաժան մասը՝ փոխարինելով ժամացույցին, հեռուստացույցին, գրքերին, երբեմն նույնիսկ կենդանի շփմանը։ Սակայն որքան մեծանում է դրա դերը առօրյայում, այնքան հաճախ են բարձրաձայնվում դրա բացասական ազդեցության մասին մտահոգությունները։

Երիտասարդների շրջանում անցկացրած մեր հարցումները ցույց են տալիս, որ խնդրի մասին տեղեկացվածությունը բավականին բարձր է։ Հարցվածների մեծ մասն ընդունում է, որ հաճախ հեռախոսից օգտվում է ավելի երկար, քան նախատեսել էր։ Շատերը նշում են, որ երբեմն ժամեր են անցկացնում սոցիալական ցանցերում՝ առանց նկատելու, թե ինչպես է անցնում ժամանակը։

«Լինում է՝ ընդամենը մի քանի րոպեով եմ բացում հեռախոսը, բայց հետո հասկանում եմ, որ արդեն մեկ ժամ է անցել։ Վերջում զգում եմ, որ հոգնել եմ, բայց իրականում ոչ մի կարևոր բան չեմ արել»,– պատմում է հարցված ուսանողներից մեկը։

Մյուս երիտասարդներն էլ նշում են, որ փորձում են սահմանափակել սմարթֆոնից օգտվելու ժամանակը։ Ոմանք անջատում են ծանուցումները, մյուսները հատուկ հավելվածների միջոցով հետևում են էկրանի առջև անցկացրած ժամերին։ Նրանց կարծիքով՝ չափից ավելի օգտագործումը ոչ միայն ժամանակ է խլում, այլև ազդում է տրամադրության վրա։

Հոգեբան Անժելա Գաբրիելյանի խոսքով՝ սմարթֆոնների չվերահսկվող օգտագործումը կարող է աստիճանաբար վերածվել հոգեբանական կախվածության։

«Մարդու ուղեղը սովորում է անընդհատ նոր տեղեկատվություն ստանալ։ Ամեն հաղորդագրություն, հավանում կամ տեսանյութ ստեղծում է սպասման և արագ բավարարում ստանալու զգացողություն։ Երբ այդ գործընթացը կրկնվում է ամեն օր և երկար ժամանակ, մարդը դժվարանում է կտրվել էկրանից, իսկ դրա բացակայությունը կարող է առաջացնել անհանգստություն և նյարդային լարվածություն»,– նշում է մասնագետը։

Հոգեբանի խոսքով՝ հատկապես սոցիալական ցանցերն են նպաստում մշտական համեմատություններին։ Մարդիկ հաճախ տեսնում են ուրիշների հաջողությունները, ճամփորդությունները, ձեռքբերումները և սկսում համեմատել սեփական կյանքը դրանց հետ։ Արդյունքում կարող են առաջանալ դժգոհություն, ինքնագնահատականի անկում և սթրեսային վիճակներ։

Մասնագետը նաև ընդգծում է, որ երկար ժամանակ էկրանի առաջ անցկացնելու հետևանքով նվազում է ուշադրության կենտրոնացման կարողությունը։ Եթե մարդը սովորում է միաժամանակ դիտել տեսանյութեր, պատասխանել հաղորդագրություններին և հետևել տարբեր հարթակների, ապա ժամանակի ընթացքում ավելի դժվար է դառնում կենտրոնանալ մեկ գործողության վրա։

«Հաճախ նկատվում է նաև դյուրագրգռության աճ։ Երբ մարդը երկար ժամանակ գտնվում է տեղեկատվական ծանրաբեռնվածության պայմաններում, նա կարող է ավելի կտրուկ արձագանքել շրջապատին, դառնալ անհամբեր կամ ագրեսիվ։ Սա հատկապես նկատելի է դեռահասների շրջանում»,– հավելում է հոգեբանը։

Խնդրի մասին մտահոգված են նաև մեծահասակները։ Մեր հարցումների մասնակից ծնողներից շատերը նշում են, որ երեխաների ազատ ժամանակի մեծ մասը անցնում է հեռախոսի էկրանի առաջ։ Նրանց խոսքով՝ ավելի ու ավելի դժվար է երեխաներին ներգրավել բացօթյա խաղերի, սպորտի կամ ընթերցանության մեջ։

«Երբեմն երեխային կանչում ես խոսելու, բայց նա նույնիսկ չի լսում, որովհետև ամբողջ ուշադրությունը հեռախոսի մեջ է։ Փորձում ենք սահմանափակումներ մտցնել, բայց դա միշտ չէ, որ հեշտ է»,– պատմում է ծնողներից մեկը։

Մեծահասակների մտահոգությունները միայն հոգեբանական ազդեցությամբ չեն սահմանափակվում։ Շատերը նշում են, որ սմարթֆոնների երկարատև օգտագործումը կարող է բացասաբար անդրադառնալ նաև առողջության վրա։ Ամենահաճախ հիշատակվող խնդիրներից են տեսողության վատթարացումը, գլխացավերը, քնի խանգարումները, նստակյաց կենսակերպը և ֆիզիկական ակտիվության նվազումը։

Մասնագետները նշում են, որ հատկապես քնելուց առաջ հեռախոսի օգտագործումը կարող է խանգարել լիարժեք հանգստին։ Էկրանից արտանետվող լույսը դժվարացնում է քուն մտնելը, իսկ ուշ ժամերին սոցիալական ցանցերում կամ տեսանյութերի դիտմամբ զբաղվելը հաճախ կրճատում է քնի տևողությունը։

Չնայած բոլոր մտահոգություններին՝ հարցվածների մեծ մասը չի կարծում, թե հնարավոր է ամբողջությամբ հրաժարվել սմարթֆոններից։ Փոխարենը նրանք կարևորում են հավասարակշռված օգտագործումը և թվային սովորությունների վերահսկումը։

Այսօր սմարթֆոնը շարունակում է մնալ ժամանակակից մարդու կարևորագույն գործիքներից մեկը։ Սակայն մասնագետները հիշեցնում են՝ որքան էլ այն հեշտացնի առօրյան, չափից ավելի օգտագործումը կարող է հանգեցնել մի շարք հոգեբանական և առողջական խնդիրների։ Այդ պատճառով թվային աշխարհի և իրական կյանքի միջև հավասարակշռություն պահպանելը դառնում է ոչ թե ընտրություն, այլ անհրաժեշտություն։

Նաև կարդացեք

Փորձագետները քննարկել են՝ ինչպես համատեղել առողջ, համեղ և հասանելի սնունդը

Նյու Յորքում սեպտեմբերի 21-ին անցկացված TIME100 Talks միջոցառման ընթացքում խոհարարներն ու սննդարդյունաբերության մասնագետները քննարկել են, թե ինչպես կարելի է սնունդը դարձնել ավելի առողջ, հասանելի և միաժամանակ հաճելի մարդկանց համար։ Bel Group-ի գլխավոր տնօրեն Սեսիլ Բելիո-Զինդը հայտարարել է, որ առողջ և կայուն սննդի մոդել արդեն կարող է գոյություն ունենալ, եթե արդյունաբերությունը դադարի հակադրել առողջությունը, համը, մատչելիությունն ու արդար եկամուտը։ Քննարկման մասնակիցները շեշտել են, որ սնունդը միայն արտադրանք չէ, այլ նաև ընտանիքի, մշակույթի և հանրային առողջության կարևոր մաս։

Շների հետ դժվար ապրող մարդկանց համար ստեղծվել է առցանց աջակցության խումբ

Առցանց նոր համայնք է ձևավորվել այն մարդկանց համար, որոնք դժվարությամբ են հաղթահարում իրենց շների վարքագիծը։ Dogs Anonymous նախաձեռնության համահիմնադիրները նշում են, որ այս հարթակը թույլ է տալիս առանց դատապարտման խոսել հոգնածության, մեղքի զգացման ու առօրյա բարդությունների մասին։ Խումբը նախատեսված է նրանց համար, ովքեր սիրելով իրենց կենդանուն՝ միաժամանակ բախվում են լարված ու երբեմն ծանր փորձառությունների։

Խուստուփի տարածքում մոլորված երկու քաղաքացի հայտնաբերվել են

Սեպտեմբերի 18-ին, ժամը 20-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խուստուփ լեռան տարածքում երկու քաղաքացի մոլորվել են։ Դեպքի վայր է մեկնել փրկարարական խումբ՝ որոնողական աշխատանքներ իրականացնելու համար։ Խուստուփը Սյունիքի լեռնային զանգվածի ամենահայտնի հատվածներից է, որտեղ եղանակային փոփոխությունները և տեղանքի բարդությունը հաճախ դժվարացնում են տեղաշարժը։

Երևանում բարդու ճյուղերի մեջ խճճված արծիվ են փրկել

Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11։13-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Երևանում՝ Թբիլիսյան խճուղու հատվածից։ Տեղեկացվել է, որ արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ և չի կարող ինքնուրույն ազատվել։ Դեպքի վայր է մեկնել փրկարարական խումբ՝ թռչունին անվտանգ դուրս բերելու համար։

Մասնագետները զգուշացնում են՝ դպրոցները թիրախավորվում են երեխաների խորապատկերային պատկերներով շանտաժի համար

Բրիտանիայում անվտանգության մասնագետները ահազանգում են, որ հանցավոր խմբերը դպրոցների և ծնողների հրապարակած երեխաների լուսանկարներն օգտագործում են խորապատկերային սեռականացված պատկերներ ստեղծելու համար։ Նոր հետազոտության համաձայն՝ դպրոցների ղեկավարների գրեթե կեսը բախվել է աշակերտների պատկերների չարաշահման, շանտաժի կամ վախեցման դեպքերի։ Մասնագետները սա դիտարկում են որպես արհեստական բանականության միջոցով մանկական պատկերների շահագործման աճող ալիք։

Երկու կանանց սեռական շահագործման գործով նախաքննությունն ավարտվել է

Հայաստանի քննչական կոմիտեն ավարտել է երկու կանանց սեռական շահագործման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։ Գործը քննվել է հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ մարդկանց թրաֆիքինգի և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների ուղղությամբ։ Նյութերը, ըստ ընթացակարգի, ուղարկվել են դատավարական հետագա ընթացքի համար։